Իջևանի զորամասերից մեկում մայիսի 10-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեկան գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի վաշտի հրամանատար Գարեգին Ասրյանին եւ պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Մանուկյանին:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հրամանատարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին, 314-րդ հոդվածի 1-ին մասերով և 360-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպելու, պաշտոնեական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու, ինչպես նաև իր նկատմամբ ստորադաս Ներսես Կարապետյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Էդգար Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը և 314 հոդվածի 1-ին մասով` պաշտոնական փաստաթղթերում կեղծիքներ կատարելը: Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: