ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի և Լևոն Դոխոլյանի՝ օրենսդրական նախաձեռնությունը` «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին», չի արժանացել Կառավարության հավանությանը:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտար նորաստեղծ ընտանիքներին լուծել առաջնային անհրաժեշտության ծախսերից բխող ֆինանսական խնդիրները, ինչպես նաև կնպաստեր ՀՀ-ում ժողովրդագրության և ծնելիության հետ կապված որոշակի խնդիրների լուծմանը:
Միանվագ օգնությունը չպետք է 300 հազար դրամից պակաս լինի:
Ըստ Կառավարության ներկայացրած հիմնավորման` նախագծի ընդունումը կբերի լրացուցիչ ֆինանսական հատկացումների անհրաժեշտության: Այդ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված չեն ՀՀ 2014-2016 թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրով, ինչպես նաև ՀՀ 2015-2017թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրային հայտում: Ուստի, օրենքի ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման:
Ելնելով շարադրվածից` Կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը:
Միաժամանակ նշվում է, որ Կառավարությունը կարևորում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու խնդիրները և գտնում է, որ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրումն անհրաժեշտ է իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրեն¬քի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված հասցեականության սկզբունքի համաձայն, ըստ որի՝ սոցիալական ծառայությունները տրամադրվում են իսկապես դրա կարիքն ունեցող անձին, այս պարագայում` նորաստեղծ ընտանիքներին։
Այդ առումով նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը:
Բացի դրանից, նկատի ունենալով, որ ներկայացված նախագծի հիմնավորման համաձայն նախագիծը նպատակ ունի նպաստելու ծնելիության աճին, Կառավարությունը գտնում է, որ միանվագ դրամական օգնությունը պետք է տրամադրվի երիտասարդ ընտանիքներին «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝ բյուջետային հնարավորությունների առկայության դեպքում: