Ե՞րբ պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործումը. ցանկ

Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ հետևյալ գործունեության տեսակների մասով`

1) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցման, պայմանով, որ դրանց դիմաց կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.

2) կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.

3) վիճակախաղի տոմսերի վաճառքի.

4) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառքի.

5) ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական և դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին և աշխատակիցներին սննդով ապահովման.

6) առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի.

7) ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.

8) գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի.

9) կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.

10) վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող գյուղատնտեսական արտադրանքի, թերթերի, ամսագրերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի, կվասի, կաթի կամ թանի վաճառքի.

11) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման և կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման.

12) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների) անվանական արժեքով իրացման.

13) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման.

14) փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման.

15) ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) կահավորված լինելու դեպքում` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացման.

16) խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպման:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել