Անձնագրային բաժանմունքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հայտնվել է դատարանում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ կքննվի Կարեն Թորոսյանին առաջադրված մեղադրանքը:

Վերջինս սույն թվականի հունվարի 10-ին հոր՝ Ռաֆիկ Թորոսյանի անձնագիրը՝ ելքի վավերականության ժամկետը երկարացված վիճակում վերցնելու նպատակով գնացել է Հրազդանի անձնագրային բաժանմունք, որտեղ իմանալով, որ տան սեփականատիրոջ դիմումի համաձայն, 2013թ. օգոստոս ամսին, հորը հանել են հաշվառումից, որի պատճառով էլ անձնագրում ելքի վավերականության ժամկետը չի կարող երկարացվել, վիճաբանության մեջ է մտել անձնագրային բաժանմունքի պետ՝ Մ. Գրիգորյանի հետ:

Դուրս գալով բաժանմունքի միջանցք՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, անձնագրային բաժանմունքիաշխատակիցների և բաժանմունքում գտնվող քաղաքացիների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, շուրջ 1-2 րոպե գոռգոռացել և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, դրանով իսկ խանգարել անձնագրային բաժանմունքի բնականոն աշխատանքը։

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսինքն՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել