Ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:
Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից։
Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում: