ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են: Որպես հիմք է ընդունվել Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետը և ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ նշանակումից հետո դատավորը ձեռք է բերել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:
Նախագահի հրամանագրում մասնավորապես նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հունիսի 2-ի առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Դադարեցնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները»:
Նշենք, որ վերջինս Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից:
Լուսանկարը՝ court.am-ի