Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կ․Պ․-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Արսեն Պ.-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու՝ նրան ՀՀ ‹‹Ճանապարհային ոստիկանություն›› ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար վերջինիցս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 7000 ԱՄՆ դոլար կաշառք:

Հիշեցնենք, որ քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Կ․Պ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կ․Պ․-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգի 20 հատ փամփուշտ` 1 պահունակով, նույն ինքնաձիգի 13 հատ պարկուճ, կարաբինի 2 հատ պարկուճ, 2 հատ կաստետ և իտալական արտադրության 1 հատ գազային ատրճանակ: Նշված իրերն ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության:

Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կ․Պ․-ի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել