Պատգամավորը դեմ չէ, որ իր ընտրվելու օրինականության հարցը քննվի

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Վանաձորից մեծամասնական ընտրակարգով ընտրված Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած ֆորմատով պատգամավորների հետ քննարկել իր կողմից Ընտրատարածքային հանձաժողով ներկայացրած փաստաթղթերի օրինականության հարցը:

«Կարող եք մշտական հանձնաժողով ստեղծել այդ հարցով, կարող եք ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, կարող եք ցանկացած ձևի լսում կազմակերպել, կարող եք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ տանել հարցը: Ես Էդմոն Մարուքյանն եմ, ես ընտրվել եմ թիվ 30 ընտրատարածքից, ես հաղթել եմ ընտրությունների ժամանակ: Ընտրությունների ժամանակ, եթե կեղծիքներ լինեին, դա պետք է լիներ հակառակ կողմից, քանի որ մենք չունեինք կեղծելու համար համապատասխան ռեսուրսներ: Ցանկացած լսման, ցանկացած դատաքննության, ցանկացած քրեական գործի պատրաստ եմ: Հազարավոր մարդկանց շահեր եմ պաշտպանել, բնականաբար իմ շահերը կկարողանամ պաշտպանել»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ 2012թ.-ին Էդմոն Մարուքյանը մեծամասնական ընտրակարգով Վանաձորից ընտրվել է պատգամավոր՝ հաղթելով Վիկտոր Դալլաքյանին: Խորհրդարանական ընտրություններից հետո և վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ Էդմոն Մարուքյանը պատգամավոր ընտրվելու իրավունք չուներ, քանի որ պատգամավոր ընտրվելուց առաջ վերջին հինգ տարում մշտապես չի բնակվել Հայաստանում, սակայն դրա վերաբերյալ կեղծ տեղեկանք է ներկայացրել:

Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության, պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել