Վերնիսաժի տարածքում կրակոցներ արձակողը կալանավորվեց

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա՝ Գոռ Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 2 ամսյա կալանքը: Նման որոշում կայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: Ըստ նրա՝ դատարանն իր պաշտպանյալին կալանավորելիս որևէ հստակ հիմք չի մատնանշել. «Հիմնավորման մեջ միայն նշված է, որ նա, ազատության մեջ լիելով, կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին՝ ճնշում գործադրի վկաների վրա: Իրականում սա շատ անհիմն է, քանի որ բոլորն արդեն հարցաքննվել են, բացի այդ իմ պաշտպանյալն անձամբ է ներկայացել ոստիկանություն, հետևաբար իմաստ չկա, որ նա կարող է փախչել պատասխանատվությունից»:

Փաստաբանը անհիմն է որակում նաև առաջադրված մեղադրանքը՝ սպանության փորձ. «Դատարանում հնչած ապացույցներից պարզ է, որ հնչած մեղադրանքն անհիմն է: Եթե Գոռը սպանության նպատակ ունենար, ապա կարող էր կրակել այնպես, որ վնասվեին կենսական նշանակության կարևոր օրգաններ, բայց եթե ուշադիր լինենք՝ կտեսնենք, որ բոլոր վնասվածքները շնկից ներքև են: Հետևաբար նա նման նպատակ չի ունեցել»:

Երեմ Սարգսյանը նաև նշեց, որ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչել էին կրակոցներ, որոնցից տուժել էր 5 քաղաքացի
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985 թ. ծնված Գոռ Առաքելյանը, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել