Գիշերային ակումբ  մուտք գործելը  «թանկ» արժեցավ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում է 28-ամյա Ժիրայր Պարոնյանին առաջադրված մեղադրանքը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալը 2013թ. նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը՝ ժամը 04:45-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Երևան քաղաքի Գ. Քոչար 4 հասցեում գործող «Սինդի» գիշերային ակումբ մտնելու շուրջ իր անձի առավելությունն ընդգծելու նպատակով վիճաբանել է անվտանգության աշխատակից Արթուր Կոստյանի հետ:

Վիճաբանության ժամանակ Պարոնյանը ակնհայտորեն խախտել է վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջակայքի անձանց նկատմամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ ու քաշքշել ակումբի անվտանգության աշխատակցի հագուստից, խանգարել ակումբի նախասրահի բնականոն աշխատանքը:

Շարունակելով հակահասարակական վարքագիծ դրսևորելը, պատահաբար լսել է  ընկերոջ՝ Կարեն Բունիաթյանի ևոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գագիկ Ասատրյանի խոսակցությունը՝  իրեն ակումբից դուրս տանելու վերաբերյալ:  Մոտեցենալով՝ բարոյական և իրավական նորմերով կաշկանդված չլինելու հանգամանքը ցուցադրելու նպատակով քաշել ու պոկել է ոստիկանության խորհրդանիշները պարունակող ոստիկանի համազգեստի ուսադիրները։

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այսինքն՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել