Կիսանախագահական կառավարման դեպքում բացակայում է նախագահի քաղաքական պատասխանատվությունը

«Եթե կա հանրապետության նախագահ, որը ազդեցություն չունի գործադիր իշխանության իրականացման վրա, ապա ի՞նչ իմաստ ունի խոսել կիսանախագահական կառավարման ձևի մասին»,- այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հիմնահարցերին նվիրված հանրային քննարկումների ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Ըստ նրա՝ նախագահական բառը, որպես կառավարման համակարգի բաղկացուցիչ մաս, նշանակում է, որ գործադիր իշխանությունը կենտրոնացած է հանրապետության նախագահի ձեռքում: ՀՀ-ում մի փոքր այլ է: Ոչ թե ամբողջ գործադիր իշխանությունն է կենտրոնացած նախագահի ձեռքում, այլ` մի մասը:

Ըստ բանախոսի՝  կիսանախագահական համակարգի առանձնահատկությունն այն է, որ գերիշխող է այն մարմինը, որը կընտրվի պառլամենտական մեծամասնության աջակցությամբ. «Եթե մենք ունենք այնպիսի համակարգ, որտեղ պառլամենտական մեծամասնությունից է կախված, թե այս Կառավարությունը կմնա, թե չի մնա, և այդ պառլամենտական մեծամասնության կամքը ենթակա է  հանրապետության նախագահին այն պարզ պատճառով, որ նա է այդ պառլամենտական մեծամասնության ղեկավարը, ապա առաջանում են այն վտանգները, որոնք գոյություն ունեն կիսանախագահական ցանկացած երկրում»:

Վարդան Պողոսյանը կարծում է, որ նման դեպքում առաջանում է  գերկենտրոնացման վտանգ, և ի տարբերություն պառլամենտական համակարգի, խոսքը գնում է ոչ միայն Պառլամենտ-Կառավություն փոխհարաբերությունների մասին, այլ նաև հանրապետության նախագահի մասին, որը քաղաքական առումով որևէ պատասխանատվություն չի կրում պառլամենտի նկատմամբ. «Սա կիսանախագահական համակարգի կարևորագույն բացսական գծերիրց մեկն է: Երբ մենք ունենում ենք հսկայական չափով իշխանության կենտրոնացում, բայց չենք ունենում որևէ քաղաքական պատասխանատվություն հանրապետության նախագահի կողմից: Իսկ նախագահի պատասխանատավության ինստիտուտ մտցնելը կիսնախագահական կառավարման դեպքում հակատրամբանական է, որովհետև հանրապետության նախագահը ուղղակիորեն իր մանդատը ստանում է ժողովրդի կողմից և նախատեսել, որ պառլամենտը, շրջանցելով ժողովրդին, կարող է անվստահություն հայտնել նախագահին և նա հրաժարական տա՝ հարցականի տակ է դնելու կիսնախագահական կառավարման ձևն ընդհանրապես»:

Կիսանախագահական կառավարման ձևի վտանգներից մեկն էլ, բանախոսի կարծիքով,  համակեցության վտանգն է, որը բացառել հնարավոր չէ:

«Երբ հանրապետության նախագահը, ունենալով ժողովրդի կողմից ստացած մանդատ, այդուհանդերձ քաղաքական հակադրության մեջ է գտնվում պառալամենտական մեծամասնության հետ, դա արդեն խնդիր է»:

Վարդան Պողոսյանի խոսքով` այստեղ արդեն Սահմանադրական իրավունքն անզոր է: Սա քաղաքական մշակույթի ու ժողովրդավարական ավանդույթների խնդիր է: Թեև մեր երկրում մինչ այս պահը նման խնդիր չի եղել, բայց ոչինչ բացառել չենք կարող:

«Սահմանադրական հանձնաժողովը բացի այն, որ քննարկում է կառավարման համակարգը, պետք է քննարկի նաև ապագան, թե ի՞նչ կարող է պատահել: Չկա մեկ լավ կառավարման ձև բոլորի համար: Ամեն երկիր, ելնելով իր առանձնահատակություններից, իր համար ընտրում է որոշակի կառավարման ձև»,- եզրափակելով խոսքը՝ ասաց բանախոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել