Դատական դեպարտամենտում աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրն արդեն լուծված է

Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ Դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ դժգոհել են, որ ապրիլի աշխատավարձերը ստացել են ուշացումով, ինչպես նաև աշխատակիցներից պարտադիր պահումներ են կատարվել 10-ը հազարական դրամ և առանց հիմնավորման:

Այս մասին Իրավաբան.net-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից:

Նա նշեց, որ խնդրին ծանոթ է և այն արդեն համապատասխան լուծում է ստացել.

«Խոսքը դատական կարգադրիչների ծառայությունում աշխատակիցների դրամական բավարարումներին է վերաբերում: Մասնավորապես, կարգադրիչների ապրիլ ամսվա աշխատավարձերը նախորդների համեմատ եղել են 10 հազարական դրամ պակաս, ինչը ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորում հատկացնելու հաշվարկների թերի լինելու հետևանք է եղել: Թերությունը հայտնաբերվել է, դատական դեպարտամենտի և ֆինանսների նախարարության ջանքերով շտկվել: Պակաս վճարված գումարներն արդեն փոխանցվել է դատական կարգադրիչների ծառայությանը»:

Աշխատավարձերի ուշացմանը վերաբերող տեղեկատվությունը Արսեն Բաբայանը հերքերց: Նրա խոսքով՝ այն չի համապատասխանում իրականությունը, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:

«Ինչպես նկատելի է այսօր դեռ մայիսի 14-ն է, իսկ աշխատավարձրերը մի քանի օր առաջ արդեն վճարված են եղել»,- ասաց Արսեն Բաբայանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել