Մայիսի 12-ին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի ՀՀ ԱՆ «Աբովյան ՔԿՀ»-ում 18-ից 20 կին դատապարտյալ է թունավորվել:
Արդարադատության նախարարության լրատվության բաժնի փոխանցմամբ` 2014թ. մայիսի 9-ին ՀՀ ԱՆ «Աբովյան ՔԿՀ»-ում գրանցվել է թունավորման դեպք: Մի շարք կին դատապարտյալներ ստուգման են ենթարկվել, ինչից հետո 6 կին դատապարտյալ մեկուսացվել է:
Նրանք գտնվում են ՔԿ հիմնարկի, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ: Նրանցից 3-ի վիճակը լավ է, իսկ մյուսներինը գնահատվում է բավարար:
Դատապարտյալների առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում: Կատարվում է հետաքննություն, ՔԿ հիմնարկից սննդի և ջրի նմուշներն ուղղարկվել են փորձաքննության: