Ո՞ր օրվանից է սկսվում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, եթե փոխառությունը վերադարձնելու ժամկետ սահմանված չէ

Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ (նաև այն դեպքում, երբ ժամկետ նախատեսող պայմանագիրն անվավեր է ճանաչվել) կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Հայտնի է, որ Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:

Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Այն դեպքում, երբ փոխառությունը վերադարձնելու ժամկետը որոշված չէ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում: Փոխառուն իր պարտավորությունը կարող է կատարել փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում ՝ վերջին օրը ներառյալ: Փոխառուի կողմից իր պարտավորությունը այդ ժամկետում չկատարելու դեպքում ժամկետի ավարտի հաջորդ օրը փոխատուին հայտնի է դառնում իր իրավունքի խախտման մասին, և այդ օրն էլ սկսվում է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը:

Ի դեպ, փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել