Հասարակությունը դրական է վերաբերվում ոստիկանության վերափոխմանը. Վլադիմիր Գասպարյան

Մայիսի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Օրակարգում մեկ հարց էր՝ ծառայության աշխատանքում առկա թերությունները, դրանց պատճառների վերլուծությունն ու վերացման ուղիները: Խոսելով իրավիճակը շտկելու ուղիների մասին, ոստիկանության պետը նշեց, որ հնարավորինս արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից, ինչը բարեխիղճ ոստիկանների, առաջին հերթին ստորաբաժանումների ղեկավարների ուղղակի պարտականությունն է:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ անդրադառնալով բարեփոխումների ընթացքին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ փոփոխություններին ընդդիմանում են ոչ միայն հասարկության որոշակի խմբերի ներկայացուցիչներ, այլև դիմադրություն կա հին ու արատավոր գործելաոճից չհրաժարվող որոշ ոստիկանների կողմից: Ոստիկանության պետն ընդգծեց, որ հասարակությունը դրական է վերաբերվում ոստիկանության վերափոխմանը, քաղաքացիները հանդուրժող են  թերությունների հանդեպ, սակայն պահանջկոտ են ոստիկանի բարոյական նկարագրի և պատշաճ ծառայության հարցում: Դա նաև ոստիկանության ղեկավարության գլխավոր ու առաջնահերթ պահանջն է:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց և ժամկետներ նշանակեց թերությունները վերացնելու և ծառայությունը պահանջվող մակարդակին հասցնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել