Ապագա դատավորների և դատախազների 1-ին քննաշրջանն ավարտվել է

Արդարադատության ակադեմիայում ավարտվել է 1-ին քննաշրջանը: Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված 20 և դատախազների ցուցակներում ընդգրկված 15 ունկնդիր 8 գրավոր քննություն է հանձնել՝ մասնագիտական և հարակից մասնագիտական դասընթացներից:

Քննաշրջանը, որը տևել է երկու շաբաթ (ապրիլի 22- մայիսի 3) անցկացվել է Արդարադատության ակադեմիայի «Քննությունների կազմակերպման և անցկացման կարգի» համաձայն: Քննությունների ողջ ընթացքը տեսաձայնագրվել է:

Ըստ սահմանված կարգի՝ ձևավորվել է գնահատման երկու հանձնաժողով, որոնց կազմում ընդգրկվել են 7-ական ներկայացուցիչ:

Դատավորների թեկնածություների ցուցակում ընդգրկված անձանց քննական աշխատանքների գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ՝ իրենց համաձայնությամբ նշանակած հինգ դատավոր և ՀՀ արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:

Իսկ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց քննական աշխատանքների գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ գլխավոր դատախազի նշանակած հինգ դատախազ և ՀՀ արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:

Քննության արդյունքների ստուգումը և գնահատումը հանձնաժողովներն իրականացրել են անանուն: Յուրաքանչյուր դասընթացի համար քննության արդյունքների գնահատման առավելագույն միավորը 20 է, իսկ նվազագույն անցողիկ միավորը՝ 8:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր ունկնդիր գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով՝ վիճարկելու քննության գնահատականը: Վերջնական արդյունքները կհրապարակվեն բողոքարկման ժամկետներն ավարտելուց հետո:

Հիշեցնենք, որ դատավորների և դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը 8.5 ամիս է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել