Ոստիկանությունը պահանջում է դատարանից քաղաքացուն ենթարկել վարչական պատասխանատվության ՝ 50 հազար դրամի չափով

Վարչական դատարանում շարունակվեց 2013 թվականի հուլիսի 26-ից մինչև նոյեմբերի 1-ը քաղաքապետարանի դիմաց նաստացույց անող ակտիվիստ Սուրեն Սահակյանի նկատմամբ ոստիկանության կողմից ներկայացված հայցի քննությունը: Ոստիկանությունը պահանջում է Սուրեն Սահակյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ 50 հազար դրամի չափով:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը նշեց, որ Սուրեն Սահակյանը իր ընկերների հետ պառկել է Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմացի աստիճաններին և որոշել գիշերել այնտեղ. «Քանի որ քաղաքապետարանի մոտ իրականացվում է շուրջօրյա պահպանություն, պահակակետից նկատելով, որ աստիճանների վրա ինչ-որ բան կա կապնվել են ոստիկանների հետ, որպեսզի վերջիններս պարզեն, թե ի՞նչ կա աստիճանների վրա: Ոստիկանները մոտեցել են և տեսել, որ պառկած է պատասխանող Սուրեն Սահակյանը, ով իր քնապարկով մտադրվել է գիշերն այնտեղ անցկացնել»:

Ինչպես հայվոր կողմը պնդեց, ոստիկանները մի քանի անգամ Սուրեն Սահակյանին զգուշացրել են, որ այդտեղ քնել չի կարելի, բայց քանի որ ոստիկանության պահանջը չի կատարել, բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:

Ոստիկանությունում կազմել են համապատասխան արձանագրություն և ակտիվիստին բաց թողել: Սակայն վերադառնալով քաղաքապետարանի դիմաց՝ նորից պառկել է աստիճանների վրա, որպեսզի քնի: Մեկ գիշերվա ընթացքում երկրորդ անգամ ոստիկանությունը բերման է ենթարկել Սուրեն Սահակյանին՝ նույն արարքը կատարելու համար:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը հավաստիացրեց, որ իր վստահորդը քնած է եղել, երբ իրեն են մոտեցել ոստիկանները և պահանջել հեռանալ. «Նրանք անգամ չեն ներկայացրել իրենց պահանջի իրավական հիմքերը: Երբ մոտեցել են Սուրենը հենց դա էլ նրանցից պահանջել է՝ մատնանշել օրենքի այն կետը ըստ որի չի կարելի այստեղ քնել, սակայն պատասխան չի ստացել»:

Նա ասաց նաև, որ իր ասածը փաստող տեսանյութ կա, որն անպայման կներկայացվի դատարանին. «Կա նաև տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ոստիկանների կողմից ապօրինի պահանջ է ներկայացվել: Ինչպես նաև, թե ինչ անմարդկային նվաստացնող ճանապարհով են նրան ոստիկանություն տարել»:

Կողմերին լսելուց հետո դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլ: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 10-ին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել