Վ. Բրյուսովի անվան համալսարանը փոխում է անունը

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անվան մեջ կկատարվի փոփոխություն. «լեզվաբանական» բառը կփոխվի «լեզվահասարակագիտական» բառով: Որոշման այս նախագիծը ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստի օրակարգում:

Բուհի անվանման փոփոխությունը պայմանավորված է նրա առջև դրված նոր խնդիրներով և նպատակներով: Համալսարանն այսօր մասնագետներ է պատրաստում ոչ միայն լեզվաբանական և մանկավարժական, այլ նաև հասարակագիտական ուղղություններով (քաղաքագիտություն, եվրոպագիտություն, միջազգային հարաբերություններ, տեղեկատվության և հանրային հաղորդակցության տեխնոլոգիաներ, միջազգային տուրիզմ, միջազգային լրագրություն և այլն): Բուհի անվանափոխությունը նոր հեռանկարներ կարող է բացել հետագա զարգացման համար: Անվանումն ընտրելիս մեծապես հաշվի է առնվել նաև համալսարանում տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները և միջազգային փորձը:

Անհրաժետություն է առաջացել նաև բուհում կատարել կառուցվածքային փոփոխություններ, ստեղծել նոր կառուցվածքային միավորներ (վարչություններ, գիտաուսումնական կենտրոններ և այլն), Գիտական խորհրդի կազմում ընդգրկել ռեկտորի աշխատակազմի ղեկավարին, իսկ ռեկտորատի կազմում՝ իրավաբանին, գլխավոր հաշվապահին, Արհմիութենական կազմակերպության նախագահին, Ուսանողական խորհրդի նախագահին և այդ ամենը համապատասխանեցնել բուհի կանոնադրությանը:

Առաջարկվում է նաև ընդլայնել համալսարանի ձեռնարկատիրական գործունեության ոլորտները, ինչը կապահովի նոր և լրացուցիչ ֆինանսական մուտքեր (խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում, աշխատողների սովորողների հանրային սննդի, հանգստի կազմակերպում, գիտատեխնիկական ծրագրերի իրականացում, համալսարանի տարբերանշաններով առարկաների արտադրություն, ձեռքբերում ու դրանց իրացում և այլն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել