Կալանավորվել է նախկին քննիչ Արթուր Ադամյանը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` պետական հատուկ ծառայություն իրականացնող նախկին քննիչ Արթուր Ադամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, երեք առևտրային բանկերում ունենալով 1.400.000 դրամից ավելի վարկային պարտավորություններ, չունենալով խոշոր չափի արժեք ունեցող գույք գնելու անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ու բավարար եկամուտներ, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ ծանոթանալով ավտոմեքենաների վաճառքով զբաղվող Ա. Ա.-ի հետ, նրա հետ հարաբերություններում ընդգծելով իր զբաղեցրած պաշտոնեական դիրքը և ձեռք բերելով վերջինիս վստահությունը, 2011թ. սեպտեմբերի 4-ին նրանից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի արժեք ունեցող ավտոմեքենան, այնուհետև առավել նվազ գնով վաճառել է այն և ստացված գումարները տնօրինել իր հայեցողությամբ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2014թ. հունվարին Ա. Ադամյանը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Մ. Հ.-ից նույն եղանակով` խարդախությամբ, հափշտակել է վերջինիս ավտոմեքենան:

Խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Արթուր Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել