Պոլիտեխնիկի բակում տեղի ունեցած պատահարի արդյունքում անչափահաս տղան մահացել է

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվում է 19-ամյա Ջոն Խալաթյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս, ըստ մեղադրական եզրակացության, նոյեմբերի 20-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում փոխադարձ կատակների կապակցությամբ վիճաբանել է անչափահաս Կարեն Մարգարյանի հետ, որի ընթացքում վերջինս ապտակել է Ջ.Խալաթյանին:

Վերոհիշյալ միջադեպից իրեն նվաստացած զգալով՝ նույն օրը Խալաթյանը տանից իր հետ վերցրել է ծալովի դանակ, իմանալով, որ Կարեն Մարգարյանի հորաքույրն ունի տաղավար, ու նա պարբերաբար այցելում է այնտեղ, ժամը 16:10-ին կանչել է նրան և կյանքից զրկելու դիտավորությամբ 2 անգամ դանակով հարվածել է նրան: Պատճառված վերքերից «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում անչափահաս երիտասարդը մահացել է:

Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել