Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Վարչապետ Աբրահամյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրանց հետ ծավալված համագործակցությունը: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Դերենիկ Դումանյանի և Սամվել Թադևոսյանի մասնագիտական գիտելիքները և փորձը ապագայում ևս կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը:

Այնուհետև, ներկայացնելով ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Արմեն Մուրադյանն աշխատել է առողջապահության ոլորտում, և համոզված եմ, որ փորձելու է անպայման իրականացնել իր առջև դրված խնդիրները: Այս ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք»: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ են ժամանակ և ռեսուրսներ առկա բոլոր խնդիրները միասին հաղթահարելու համար:

«Նարեկ Սարգսյանը բանիմաց է այս ոլորտում, քաջատեղյակ է քաղաքաշինական բոլոր գործընթացներին, որոնք ընթանում են մեր երկրում: Համոզված եմ, որ նորանշանակ նախարարը պատկերացնում է իր անելիքները և հույս ունեմ, որ անպայման փորձելու է իր գիտելիքները, փորձը ներդնել և իրականացնել մեր պայմանավորվածությունները», – ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Մուրադյանին և Նարեկ Սարգսյանին առողջապահության և քաղաքաշինության նախարարների պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:

Արդեն նախկին նախարարներ Դերենիկ Դումանյանը և Սամվել Թադևոսյանը շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին վստահության, նախարարությունների աշխատակազմերին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նորանշանակ նախարարներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել