Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, եթե անձը երեխա է գտել, ապա պարտավոր է 48 ժամվա ընթացքում այդ մասին հայտնել ոստիկանությանը կամ խնամակալության և հոգաբարձության մարմնին:
Հիշյալ հոդվածի համաձայն՝ ոստիկանության, խնամակալության և հոգաբարձության մարմինները, դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպությունները պարտավոր են երեխայի գտնվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, հայտարարել գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցման մասին:
Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցման հայտարարության հետ պետք է ներկայացվեն՝
ա) երեխային հայտնաբերելու մասին փաստաթուղթ՝ տրված ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` նշելով երեխային հայտնաբերելու ժամանակը, տեղը և հանգամանքները.
բ) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթ` տրված բժշկական կազմակերպության կողմից:
Գտնված երեխայի անվան, հայրանվան և ազգանվան մասին տեղեկությունները նրա ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով: Գտնված երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկություններ չեն լրացվում: