Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող սարքերի համակարգը երկրում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի տեղադրմամբ և շահագործմամբ զբաղվող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը նախագծել է եվրոպական գործընկերների հետ և այդ համակարգն աշխարհում այդ որակի միակ համակարգն է: Այս մասին Ազգային ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Սեքյուրիթի Դրիմ»-ի տնօրեն Ալիկ Զաքարյանը՝ պատասխանելով նախապես ընկերությանն ուղարկված հարցադրումներին:
Նա նշեց, որ ընկերությունը ստեղծվել է 2004 թվականի հոկտեմբերի 10-ին, կնքման պահին ունեցել է 800 միլիոնի դրամական ակտիվներ, չի ունեցել ժամկետանց որևէ պարատավորություն, մրցույթին մասնակցելու համար կնքել է համագործակցության պայմանագիր «ԷԼԼԻՊՍ ՋԻ ԷՅ» ընկերության հետ:
«Սեքյուրիթի Դրիմ» ունի 407 աշխատող, որից 21-ը հաշմադանության խնդիր ունեն:
Ալիկ Զաքարյանի ելույթից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթում ասաց, որ ընկերությունը չի պատասխանել իրենց ուղարկած բոլոր հարցերին և խնդրեց գրավոր պատասխան ուղարկել:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 4 խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել են «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումներ: