«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԵԻԱ) գործընկեր՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԻԱԿ) հետ համատեղ հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) միանալու ԵՄ ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ձևավորվող Հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնող խմբին:
Հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնող խմբի հիմնական նպատակն է բարձրացնել ՔՀԿ-ների կողմից ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված հակակոռուպցիոն բարեփոխումների, այդ թվում` ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի իրականացման, ինչպես նաև` 2012-2016 թվականների դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության նկատմամբ իրավական ասպեկտների մոնիթորինգի և վերահսկողության արդյունավետությունը:
Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Արարատում և Կապանում ծրագրի համակարգող թիմի կողմից ՔՀԿ-ների կազմից կընտրվեն 5 մարզային համակարգողներ, ովքեր իրենց տարածաշրջանում պատասխանատու կլինեն Հակակոռուպցիոն կոալիցիայի ստեղծման, իսկ հետագայում նաև` աշխատանքների կազմակերպման համար:
ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ընտրության դեպքում նախապատվությունը կտրվի այն ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին, ովքեր ունեն հակակոռուպցիոն, իրավապաշտպան, իրավաբանական, բնապահպանական գործունեության, այդ ոլորտներում մոնիթորինգների, հետաքննությունների, հանրային վերահսկողության իրականացման և իրավական թեմաների լուսաբանման համապատասխան փորձ:
Հայտերի ներկայացման գործընթացը
Լրացված դիմում-հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2014թ. ապրիլի 30-ը, ժամը 18.00-ին՝ հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected], նամակը վերնագրելով՝ Հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնող խմբին միանալու հայտ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ կենտրոնական գրասենյակ +37410 54 01 99 հեռախոսահամարով:
Ծանոթություն:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից (իրականացնող)՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ (գործընկեր): Ծրագրի տևողությունը 3 տարի է: Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո:
Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ՀԵԻԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: ՀԵԻԱ-ն ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ է, որը 100 երկրներում գործող 350 քաղաքացիական հասարակության կազմակերպությունններից բաղկացած գլոբալ ցանց է` ուղղված աջակցելու ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վավերացմանը, իրականացմանը և մոնիթորինգին:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) գործում է ավելի քան 10 տարի: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը: ԻԱԿ-ը Տեղեկատվության ազատության պաշտպաննների միջազգային ցանցի հիմնադիր անդամ է: