Որոշ իրավախախտումների համար երկարաձգվելու է վաղեմության ժամկետը

Քաղաքական ֆինանսական բնույթի իրավախախտումների համար վաղեմության ժամկետը մեկ տարուց կերկարաձգվի մինչև երկու տարի: Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագծին:

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը Կառավարության նիստի ժամանակ նշեց, որ այդ փոփոխության անհրաժեշտությունը բխում է Կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 2012 թվականի դեկտեմբերի 7-ի 58-րդ լիագումար նիստում ընդունված Հայաստանի Հանրապետության կատարման երրորդ փուլի զեկույցում գնահատվել են Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները՝ ուղղված Հայաստանի մասին երրորդ փուլի գնահատման զեկույցում ներկայացված առաջարկությունների իրականացմանը: Զեկույցի 83-րդ կետով ԳՐԵԿՈ-ն առաջարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկած վարչական իրավախախտումների համար երկարաձգել վաղեմության ժամկետը։

ԳՐԵԿՈ-ի կողմից պարբերաբար արտահայտվել է այն կարծիքը, որ մեկ տարին բավարար չէ քաղաքական ֆինանսավորման բոլոր իրավախախ¬տումների բարդությունը հաշվի առնելու համար, հատկապես, եթե վերահսկողությունը ենթակա է կատարելագործման։ Ավելին, ԳՐԵԿՈ-ն նկատել է, որ Օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկված լրացուցիչ հնարավորությունը բավարար ճկունություն չի ապահովում, որպեսզի հաշվի առնվեն բոլոր հնարավոր իրավիճակները։ Ըստ ԳՐԵԿՈ-ի՝ եթե իրավախախտումը կատարվելուց ավելի քան մեկ տարի անց ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այլ լրատվամիջոցների կամ, օրինակ մեկ այլ կուսակցության կողմից իրավախախտում է հայտնաբերվում, ապա կասկածելի է, թե արդյոք Հանձնաժողովը համապատասխան հսկողություն կիրականացնի կամ կարող է իրականացնել, որպեսզի կարողանա տուգանք սահմանել։

ԳՐԵԿՈ-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերանայել վերոնշյալ իրավախախտումների դեպքում կիրառվող վաղեմության ժամկետը և, միաժամանակ, Զեկույցի 90-րդ կետով հանձնարարականի կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի հունիսի 30-ը:

 

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ