Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է իր հաշվին օգտվել կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկի տարածքում տեղակայված հեռախոսակապից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերից:
Կալանավորված անձին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքի բացակայության դեպքում: Հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ:
Հեռախոսակապը կազմակերպվում է տեղադրված քարտային հեռախոսակապի հանգույցների միջոցով, որոնց համար նախատեսված քարտերը կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է ձեռք բերել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի կրպակից կամ խանութից կամ ստանալ հանձնուքով կամ ծանրոցով:
Կալանավորված անձին կամ դատապարտյալին հեռախոսակապից օգտվելու հնարավորություն տրամադրվում է համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով: Հեռախոսակապից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 15 րոպեն:
Գիշերային ժամերին չի թույլատրվում օգտվել հեռախոսակապից: