Ոչ հավաստի աուդիտորական եզրակացությունն այն աուդիտորական եզրակացությունն է, որը կազմվել է առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու, ինչպես նաև այն եզրակացությունը, որը հակասում է աուդիտի ենթարկվող անձի կողմից ներկայացված և աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտի ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի բովանդակությանը:
Աուդիտորական եզրակացությունը ոչ հավաստի է ճանաչվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության որոշմամբ: Այդ որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել աուդիտորական եզրակացության ոչ հավաստիության հատկանիշների հայտնաբերման ուղղությամբ ստուգումների ընթացակարգը: