ՀՔԾ-ն հարկադիր կատարողի մեղադրում է կաշառք պահանջելու և ստանալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Մալաթիա – Սեբաստիա բաժնի հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանի կողմից Ք. Մ.-ից և վերջինիս ամուսնուց` Կ. Ե.-ից, կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են` նախաքննությամբ հիմնավորվել է, որ հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանը 2013 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում հանդիպելով պարտապան Կ. Ե.-ին և վերջինիս կնոջը` Ք. Մ.-ին, նրանցից տեղեկանալով, որ իր կատարողական գործողությունների արդյունքում «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությունում արգելանք է դրվել պարտապան Կ. Ե.-ի՝ նշված բանկում ունեցած հաշվեհամարի վրա, վերջիններիս հայտնել է, որ դիմելով ակնհայտ ապօրինի գործողության կարող է կարճ ժամանակով հանել Կ. Ե.-ի հաշվին դրված արգելանքը՝ հնարավորություն տալով պարտապանին կանխիկ ստանալ հաշվեհամարում եղած ողջ գումարը, որի դիմաց ամուսիններից պահանջել է կաշառք:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել