Այսօր՝ նախքան Կառավարության նիստը սկսելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ քեսաբահայությանն առնչվող խնդիրներին:
Նա նշեց, որ խնդիրները գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ամեն-ինչ արվում է այդ խնդիրներին օպերատիվ արձագանքելու և լուծումներ տալու համար:
Պարզաբանումներ ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Պարոն վարչապետ, ինչպես գիտեք, 670 ընտանիք հայտնի դեպքերից հետո տեղահանվել է, որոնցից մոտ 400-ը գտնվում են Լաթաքիայում, Դամասկոսում, մեկ տասնյակ ընտանիք տեղափոխվել է նաև Բեյրութ և Այնճար, 200 և ավելի մարդ պատսպարվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, 38 հոգի պատանդ էին մնացել, նրանցից 24-ը վերադարձվել են, 3-ը տեղափոխվել են թուրքական Վաքըֆ գյուղ, բռնի կերպով են տարել, բայց ողջ են, մնացածը Քեսաբում են, հեռախոսակապի միջոցով խոսում են գյուղապետի հետ և նա էլ անընդհատ մեզ հետ և դեսպանի հետ կապի մեջ է: Այնճարում արդեն երեխաները դպրոց են գնում, եկեղեցու տարածքում շտապ օգնության ծառայություն է կազմակերպված, հայկական բոլոր կառույցները Սիրիայում վերջին երեք տարիների դեպքերի առնչությամբ ստեղծել են շտապ օգնության կառույցներ, որոնց մեջ մտնում են մեր եկեղեցիները, կուսակցությունները, բարեգործականը: Առաջին պարագաները՝ սնունդը և այլն, ապահովված է»:
Նախարարի խոսքով՝ քեսաբահայության հիմնական խնդրանքն այն է, որպեսզի ճնշումն ավելացվի. «Երեկ մեր արտաքին գործերի նախարարը դիմեց ՄԱԿ՝ Բան կի Մունին, մեր կրթության նախարարը դիմեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, և հիմնական խնդրանքն այն է, որ հետաքննություն սկսվի, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները, դեպքերը, և հնարավորություն ստեղծել, որ քեսաբահայերը վերադառնան: Նաև մեզ ուղարկել են այն հնարավոր կետերը, որ եթե վերադառնան, մենք՝ որպես պետություն և սփյուռք՝ ինչով պետք է օգնենք, որպեսզի նրանք կարողանան վերականգնել այն ամենն, ինչ որ կար: Ցավոք, պղծել են հայկական եկեղեցիները, իջեցրել հայկական խաչերը, նույնիսկ տեղի է ունենում վերաբնակեցում: Հյուսիս արևմուտքից մտել և ապրում են մեր հայկական տներում, ինչպես նաև թալանվում է ողջ նյութական ունեցվածքը»:
Հրանուշ Հակոբյանը նշեց նաև, որ առկա է նյութական օգնության խնդիրը: Ակտիվացել են տարբեր կառույցներ, կազմակերպություններ և սկսվել է դրամահավաք:
Այսօրվա դրությամբ Քեսաբից Հայաստան որևէ մեկը դեռ չի եկել, չնայած խոսակցություններ կան, որ կարող է եկեղեցու տարածքում բնակվողները տեղափոխվեն Բեյրութ, այնտեղից էլ Հայաստան:
Վարչապետն էլ իր հերթին նշեց. «եր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ մեր ամենօրյա հսկողության տակ գտնվող խնդիր է և Կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այն հոգսերը, որ այսօր ընկել են մեր հայրենակիցների ուսերին՝ լուծվեն և մենք պետք է կանգնած լինենք նրանց կողքին»: