Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց 23-ամյա Արման Գիվարգիզովին և 19-ամյա Ալբերտ Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Արման Գիվարգիզովը երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործել է տասնութ տարին չլրացած` Արմեն Կարապետյանի, Սուրեն Սահակյանի և Կարեն Ղուկասյանի` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը:
2013թ. հունվար ամսին, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար վերջիններիս պահել է շահագործման մեջ` ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում նրանց կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մյուս մեղադրյալ Ալբերտ Հովհաննիսյանը նույն գործով երկու տուժող անչափահասներին Արմեն Կարապետյանի և Սուրեն Սահակյանի հետ նախնական համաձայնությամբ, ներգրավվել և մասնակցել է Արման Գիվարգիզովի կողմից կազմակերպված` Երևանի Նոր Արեշ 46 փող. 76 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ուրիշի զգալի չափերով գույքի գողությունը:
Ալբերտ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Հ.Գ. Գործով երեք տուժողների անունները հասկանալի պատճառներով փոխված են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: