Օմբուդսմենը` «Հարսնաքարի գործով» դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցածի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի կայքի փոխանցմամբ` օրերս Կարեն Անդրեասյանին էր դիմել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը՝ հայտնելով մարտի 24-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահե Ավետյանի մահվան վերաբերյալ քրեական գործով դատավճռի հրապարակման ժամանակ և դրանից հետո իր հասցեին հնչած անհարգալից և սպառնալից խոսքերի վերաբերյալ: Ցավալի է, որ այդպիսի դեպքերը եզակի բնույթ չեն կրում: Վերջերս, Լյուքս Ստեփանյանի մահվան վերաբերյալ գործին մասնակցող փաստաբանի հետ ևս տեղի է ունեցել նմանատիպ միջադեպ:

Մարդու իրավունքների պաշտպանն իր խիստ մտահոգությունն է հայտնում դատարանի դահլիճներում նիստերը լուսաբանող լրագրողների, ինչպես նաև դատական գործերին մասնակցող փաստաբանների նկատմամբ սպառնալիքների, վիրավորանքների կապակցությամբ:

Դատական նիստերի դահլիճում մարդկանց հրապարակայնորեն վիրավորելն ու սպառնալն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հենց դատարանի նկատմամբ, ինչի համար նախատեսված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:

Դատական նիստերին լրագրողների, փաստաբանների և այլ անձանց մասնակցությունը մրցակցային դատավարության, գործերի քննության հրապարակայնության կարևորագույն սկզբունքների տարրն է: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ճնշումների ցանկացած դրսևորում և ակնկալում է թե՛ ոստիկանության և թե՛ դատական կարգադրիչների ծառայության առավելագույն զգոնությունն ու պատրաստակամությունը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել