Առաջարկում են ԱԺ նիստերը գումարել երկու շաբաթը մեկ անգամ. Կառավարությունը պատրաստ է քննարկել առաջարկը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին:

Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Ի դեպ, ինչպես նշված է ՀՀ կառավարության եզրակացությունում, գործադիրը նույնպես համամիտ և շահագրգիռ է այդ հարցում, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն կլինի քննարկել առավել մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ: Սակայն ծագում են նաև մի շարք խնդրահարույց հարցեր՝ չի՞ տուժի արդյոք ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքը, արդյո՞ք պատգամավորները հնարավորություն կունենան լիարժեք ուսումնասիրել և քննարկել օրենքների նախագծերը: Այսպիսով, կառավարությունը հանգում է այն եզրակացության, որ նախագծի ընդունումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միաժամանակ գործադիրը պատրաստ է նախագծի հեղինակների հետ համագործակցել ԱԺ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մանավանդ այն դեպքում, երբ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային Ժողովում շրջանառվում են բազմաթիվ օրինագծեր, որոնք դեռ չեն քննարկվել և դրա հետևանքով կառավարությունը չի կարողանում ժամանակին կյանքի կոչել իր քաղաքական հանձնառությունները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել