Վճռաբեկ դատարանն իր վերջնական խոսքն ասել է. գիտնական Մանե Հակոբյանը շահել է դատը

Գիտնական Մանե Հակոբյանը հաղթել է ընդդեմ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանի և ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ-ի ավագ գիտաշխատող, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի ներկայացրած գործը. Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել պատասխանող կողմի ներկայացրած բողոքը: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Մանե Հակոբյանի ներկայացուցիչ Սեդրակ Ասատրյանը:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ 2011 թվականի օգոստոսի 7-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում հրապարակվեց «ՀՀ գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների ծրագիր»-ը Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի ստորագրությամբ: Դրանից հետո գիտնական Մանե Հակոբյանը հայտարարեց, որ այդ ծրագիրն ինքն է գրել: Հեղինակային իրավունքը խախտելու փոխադարձ մեղադրանքները կողմերին հասցրեց դատարան:

Պատասխանող կողմն արդեն վճռի համապատասխան հատվածը հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, վճարել է Մանե Հակոբյանի փաստաբանի գումարը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջից հանել է Մանե Հակոբյանի ծրագրի հետ համընկնումների մասը, ինչի արդյունքում ծավալուն ծրագրից մի քանի տող է մնացել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել