Մարտի 28-ին «Դ!ԵՄ ԵՄ»-ը ՍԴ-ի դիմաց առանց կոչերի ու ելույթների ակցիա է անցկացնելու. հայտարարություն

Մարտի 28-ին « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպում է խորհրդանշական և լուռ ակցիա: Այս մասին ասվում է Ֆեյսբուքում բացված « Դ!ԵՄ ԵՄ – Լուռ ակցիա Սահմանադրական դատարանի մոտ» միջոցառման հրավերում:

Հայտարարության մեջ ասվում է.

«Այսպիսով՝ հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականցնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների:

Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, ուստի և ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ:

Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում:

Մարտի 28-ը հետաքրքրության առարկա է տարբեր ուժերի և հանրության տարբեր մասերի համար, ուստի, ինչպես տեսնում ենք, տարբեր ուժեր ունեն տարբեր միջոցառումներ մարտի 28-ին: Պարզաբանենք, որ « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունն ունի իր միջոցառումը ժամը 12:30-ին ՍԴ-ի դիմաց և որևէ այլ միջոցառման, որպես նախաձեռնություն, այդ օրը չի մասնակցելու:

Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, ովքեր նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքը այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում:

Կանխավ շնորհակալություն

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել