Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, պարտավոր են տարեկան հաշվետվությունները հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները:
Այս իմաստով խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ ցուցանիշներից առնվազն մեկին`
ա) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը.
բ) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը:
Ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել մամուլում, ինտերնետով կամ տարածվել գրքույկների ձևով:
Տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ: