Առերեսման հոգեբանությունը

Առերեսման, ինչպես նաև այլ քննչական գործողությունների արդյունավետությունը շատ բանով կախված է դրա նախապատրաստվածությունից: Նկատի է առնվում ինչպես քննիչի տեխնիկապես պատրաստ լինելը, այնպես էլ առերեսման բոլոր մասնակիցների հոգեբանական նախապատրաստությունը: Կարևոր նշանակություն ունի նաև առերեսման մասնակիցներին տրվելիք հարցերի հերթականության որոշումը, նաև այն, թե ո՞ւմ պետք է առաջինը լսել և ի՞նչ դրվագներով:

Առերեսման ժամանակ չպետք է անտեսվեն լրացուցիչ հարցերը, նաև այն հարցերը, որ կարող են միմյանց առաջադրել առերեսվողները: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ առերեսման ժամանակ հարցաքննվողներից մեկը կարող է ներշնչվող ազդեցություն գործել մյուսի վրա: Առերեսման հիմնական նպատակը քննությանը խանգարող անձի մերկացում է:

Առերեսման հարցում չպետք է շտապել նաև այն դեպքում, երբ տուժողը հանցավոր գործողության արդյունքում ունեցել է խիստ հոգեկան ցնցում և առերեսման ժամանակ իրավախախտի հետ կրկին հանդիպումը կարող է բարդացնել նրա հոգեկան վիճակը:
Առերեսման ընթացքը ղեկավարելու և հսկելու գործում որոշակի նշանակություն ունի տարածության մեջ դրա մասնակիցների ճիշտ տեղադրումը: Հարցաքննվողներին հարկավոր է տեղավորել այնպես, որ նրանք անընդհատ գտնվեն քննիչի տեսադաշտում, իրարից որոշ հեռավորության վրա, դեմքով դեպի քննիչը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել