Արագաչափերը պետք է հանվեն, կարմիր գծերը պետք է ջնջվեն. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովն այսօր քննարկեց պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնած «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-2013թթ. ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրեց հեղինակ, ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ նախագիծը, ըստ էության, խորհրդարանական չորս խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» նախաձեռնությունն է:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ժամանակավոր հանձնաժողովի նպատակը պետք է լինի Հանրապետության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերի և տեսանկարահանող սարքերի, Երևան քաղաքում ձևավորված վճարովի ավտոկայանատեղերի գործողության արդյունքում 2012-2014 թվականների ընթացքում սպառողների հարկային բեռի փոփոխության և նրանց շահերի պաշտպանության վիճակի, ՀՀ գերատեսչությունների և Երևանի քաղաքապետարանի կողմից տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի հիմնավորվածության, Երևանի ուղեւորափոխադրումների ուղեվարձի հնարավոր վերանայման օբյեկտիվ պատճառների առկայության, չշահագործվող ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ պարտադիր ապահովագրության ուղղությամբ կիրառված տուգանքների հետեւանքների գնահատման և դրանց վերանայման հնարավորությունների ուսումնասիրությունը և նշված խնդիրների հետ կապված եզրակացությունների ու առաջարկների ներկայացումը:

ԱԺ պատգամավորները քննարկվող հարցի վերաբերյալ մտքեր փոխանակեցին:

«Արագաչափերը պետք է հանվեն Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներից»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագծի հեղինակ չորս խմբակցություններին առաջարկեց մտահոգիչ հարցերը առանձնացնել ըստ ոլորտների, ուղարկել պատկան մարմիններին, այնուհետև խորհրդարանական լսումներ անցկացնել, հանգամանորեն քննարկել այդ հարցերը՝ լսելով պատկան մարմինների բացատրությունները: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ հարցի քննարկման իր առաջարկած ձեւաչափը ավելի արդյունավետ կլինի և կբացառվեն քաղաքական շահարկումները:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը աննպատակահարմար համարեց նման հանձնաժողովի ստեղծումը: ՀՀ կառավարության ներկայացուցիչը անդրադարձավ ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի նպատակահարմարությանն ու դրանց կանխարգելիչ նշանակությանը:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով ստեղծվելիք ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության հարցերից մեկին՝ չշահագործվող ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ կիրառվող տուգանքներին և համաձայնելով, որ իրականում կա այդ խնդիրը, տեղեկացրեց, որ կառավարությունը նախագիծ է մշակում, որի համաձայն՝ չշահագործվող մեքենաները ավտոմատ կերպով կհանվեն գրանցումից, որ տուգանքներ չգանձվեն:

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը միջամտելու լիազորություն չունի, և այս քայլը կդիտվի որպես օրենքի խախտմամբ անհարկի միջամտություն: Նա համոզմունք հայտնեց, որ բարձրացված հարցերին Ազգային ժողովը կարող է միայն օրենսդրական լուծում տալ:

ՀԱԿ խմբակցության տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա անարդյունավետ համարեց ոլորտի օրենսդրական կարգավորման նախաձեռնությամբ հանդես գալը եւ կարեւորեց ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:

Ազգային ժողովը հարցի քննարկումը կշարունակի մարտի 25-ի նիստում:

 

Տեսանյութը` Նիկոլ Փաշինյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել