Մարտի 28-ին Հայաստանում պետք է ստեղծվի նախադեպ. Արծվիկ Մինասյան

Մարտի 28-ին Հայաստանում պետք է ստեղծվի նախադեպ. ՀՀ քաղաքացին կարողանալու է իրացնել իր իշխանությունը սեփական երկրում: Այս մասին Ազատության հրապարակում ընդդեմ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կազմակերպված հավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Ցանկացած իշխանություն պետք է հետապնդի ՀՀ քաղաքացու շահը և իր ցանկացած գործով պետք է բացառապես նպաստի, որ ժողովուրդն ունենա բարեկեցիկ կյանք՝ անկախ տարիքից, գույքային իրավիճակից, անկախ նրանից, իշխանության ներկայացուցիչ է , թե՝ ոչ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումների համակարգում կատարվող ցանկացած փոփոխություն պետք է սկսել պարտադիր կուտակային բաղադրիչը հանելուց. միայն այդ պարագայում են իրենք պատրաստ քննարկել ու մշակել բարեփոխման տարբերակներ, որը պետք է ընտրվի բացառապես հանրաքվեի միջոցով:

Ազատության հրապարակում արդեն ելույթներ են ունեցել Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը , ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և «Դ!եմ եմ» շարժման մի շարք ներկայացուցիչներ: Նրանց ելույթները՝ առաջիկայում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել