Կազմակերպությունները հաշվետու տարվա համար պարտադիր կազմում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ: Հաշվետու տարին տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանն է, իսկ նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:
Կազմակերպությունները տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են`
ա) հիմնադիրներին, մասնակիցներին` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ օրենքի համաձայն.
բ) պետական մարմիններ` օրենքով սահմանված կարգով:
Կազմակերպությունները, որոնց ֆինանսական հաշվետվություններն օրենքին համապատասխան ենթակա են հրապարակման, պարտավոր են տարեկան հաշվետվությունները հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Ֆինանսական հաշվետվութունների հրապարակման պարտականություն ունեն խոշոր կազմակերպությունները:
Խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ ցուցանիշներից առնվազն մեկին`
ա) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը.
բ) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը:
Ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել մամուլում, ինտերնետով կամ տարածվել գրքույկների ձևով: Տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:
Անկախ վերը նշված պահանջը բավարարելու պայմանի՝ բաց բաժնետիրական ընկերությունները https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր են հրապարակել Ընկերության տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի և վնասների հաշիվը:
Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամները ևս https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր են հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Այդ հաշվետվությունը պետք է պարունակի նաև տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին:
Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը` կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ` նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը:
Կուսակցությունը ևս պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, մամուլում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում իր ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվություն, ինչպես նաև սահմանված կարգով այն տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
Ֆինանսական հաշվետվությունների հրապարակումն ապահովում է հրապարակող կազմակերպության գործունեության թափանցիկությունն ու բարձրացնում դրա նկատմամբ վստահությունը, իսկ չհրապարակելը կարող է հանգեցնել պատասխանատվության:
Օրենքով սահմանված դեպքերում ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում` հիսուն հազար ՀՀ դրամի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով հրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով:
Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հրապարակելու մասին չծանուցելը՝ առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ։
Նախազգուշացման պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսուն հազար ՀՀ չափով։
Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից վերը նշված խախումը (խախտումները) չվերացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` երկու հարյուր հազար ՀՀ դրամի չափով։
Զանգվածային լրատվության միջոցի` ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` տաս հազար ՀՀ դրամի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում քսան հազար ՀՀ դրամի չափով:
Վարչական պատասխանատվություն նախատեսված է նաև հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը կամ դա օրենքով սահմանված կարգով և ժամկետում չհրապարակելը` քառասունից հիսուն հազար ՀՀ դրամ տուգանքի տեսքով:
Արփինե Եղիկյան