Արագաչափերը վնասելու համար վարորդը հայտնվել է դատարանում

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է արագաչափ վնասած քաղաքացու գործի քննությունը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ դատախազության առաջադրած մեղադրանք` ալկոհոլի ազդեցության տակ եղած Կարեն Կիրակոսյանը 2013թ. մարտի 1-ին ավտոմեքենան Էջմիածին-Երևան ավտոճանապարհահատվածով վարել է սահմանված թույլատրելի առավելագույն 60կմ/ժամը գերազանցող 81 կմ/ժամ արագությամբ: Արմավիրի մարզի Պտղունք գյուղում տեղադրված լուսանկարահանող արագաչափ սարքն արձանագրել է իրավախախտումը, որից վրդոհվված կանգնել է ավտոմեքենայի բեռնախցիկին ու ամբարձիչով դիտավորությամբ հարվածներ է հասցրել արագաչափ սարքին, սակայն չի կարողացել կոտրել:

Այնուհետև տանից բերելով քլունգ, դրանով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Պտղունք գյուղում տեղադրված իրարից 100 մետր հեռավորության վրա գտնվող երկու հատ արագաչափ սարքերին, վնասել դրանք` ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը դիտավորությամբ պատճառելով զգալի չափի` 375.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Կարեն Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 185 հոդվածի 1-ին մասով` գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Այդ հոդվածը նախատեսում է պատիժ` տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի` 50.000-100.000 դրամի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Կարեն Կիրակոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել