Ինչպե՞ս կտակը կարող է անվավեր ճանաչվել

Կտակը կարող է դատարանով անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով:

Կտակը չի կարող վիճարկվել մինչև ժառանգությունը բացվելը:

Կտակն անվավեր է ճանաչվում կտակի ձևի մասին կանոնները և գործարքների անվավերության մասին` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այլ դրույթները խախտելու հետևանքով:

Կտակի վրիպակները և այն կազմելու, ստորագրելու կամ վավերացնելու կարգի այլ աննշան խախտումները, եթե ապացուցված է, որ դրանք չեն կարող ազդել կտակարարի կամքի արտահայտության ըմբռնման վրա, հիմք չեն կտակն անվավեր ճանաչելու համար:

Անվավեր կարող են ճանաչվել ինչպես կտակն ամբողջությամբ, այնպես էլ` դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները: Առանձին կտակային կարգադրության անվավերությունը չի հանգեցնում կտակի մնացած մասի անվավերության:

Կտակն անվավեր ճանաչելը դրանում նշված անձանց չի զրկում որպես ժառանգներ կամ շահառուներ ըստ օրենքի կամ այլ վավեր կտակի հիման վրա ժառանգության իրավունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել