Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներն ակնհայտ են. Ալեքսանդր Շագաֆյան

Ակտիվ քաղաքացին ձևավորվում է դպրոցում` վստահ են Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի ներկայացուցիչները: Նրանք պատրաստ են խթանել ժողովրդավարության ու մարդու իրավունքի մշակույթի ձևավորմանը հայաստանյան հանրակրթական դպրոցներում:

«Մենք մտածում ենք, որ թե՛ ժողովրդավարության, թե՛ մարդու իրավուքների պաշտպանության հետ կապված Հայաստանում խնդիրներն ակնհայտ են, բայց մենք որպես կրթական կազմակերպություն շատ ավելի կարևորում ենք այդ արժեքների տարածումը և ավելի արմատավորումը դպրոցական միջավայրում»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց  Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը:

ՍԻՎԻՏԱՍ-ը ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ երկու տարի ժամկետով կիրականացնի «Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի պաշտոնական բացման միջոցառման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը նշեց` եթե ամեն մեկը մի կերպ մեկնաբանի ժողովրդավարությունը, ապա կունենանք այն, ինչ ունենք Հայաստանում:

«Մեր երկրում շատ դժվար է այդ կրթությունն իրականացնել, որովհետև այստեղ հավաքվածներս ամեն օր բախվում ենք այդ իրականության հետ, երբ մենք երեխաներին մի բան ենք սովորեցնում դպրոցում, բայց ինքն այլ բան է տեսնում իրականության մեջ»,- հայտնեց Անահիտ Բախշյանը:

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը ծրագրի շրջանակներում համագործակելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Նախատեսում է մշակել ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության քաղաքականության հայեցակարգ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում հիմնել Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության կենտրոն: Կենտրոնի առաքելություններից է լինելու հանրակրթական դպրոցներում դասավանդվող Հասարակագիտության մասնագիտական ուսումնական ծրագրի մշակումը:

Ծրագրի շրջանակներում Կոտայքի և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցի ուսուցիչների և վարչական աշխատողների համար կիրականացվեն նաև մի շարք միջոցառումներ: ՍԻՎԻՏԱՍ-ը նման փորձ ունի: Նախորդ տարի նմանատիպ ծրագիր է իրագործել Վայոց ձորի մարզի թվով 10 դպրոցներում: Թե՛ կենտրոնը, թե՛ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը գոհ են ծրագրի արդյունքներից:

«Քաղաքացին պետք մասնակից լինի հանրային գործերի կառավարմանը և որոշումների ընդունմանը և անմիջական վերահսկողություն իրականացնի հանրային իշխանությունների նկատմամբ, իսկ այդպիսի գիտակցություն, այդպիսի մտածողություն ձևավորվում է մարդկային գիտակցության հետ միասին, որի սկզբնաղբյուրը հանրակրթությունն է»,- իր ելույթում հայտնեց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Ժողովրդավարության մասին լսելով երեխաները չեն կարող դառնալ ժողովրդավար: Նման փորձը ձախողված է` կարծում է ԺՄԻԿ փորձագիտական խմբի ղեկավար Սերոբ Խաչատրյանը. «Եթե դպրոցում ժողովրդավարական հարաբերություններ չկան, բոլոր գործառույթներն ըստ էության խաթարվում են: Կան համոզիչ հետազոտություններ, որոնք ասում են, որ վախն ազդում է երեխաների ուղեղների աշխատանքի վրա: Վախեցած մարդը չի կարող լավ սովորել, եթե նույնիսկ շատ ցանկանա»:

Ինչպես ասել է Չերչիլը՝ ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձևը չէ, սակայն դրանից լավը մարդիկ դեռ չեն հորինել: Հայաստանը նախ ժողովրդավարության ճանապարհը պետք է անցնի:

 

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել