Մարդուն մեղադրանք են առաջադրել առանց որևէ ապացույցի. դատախազը մեղադրական եզրակացությունը չի հաստատել

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի դեմ ուղղորդված գործ է սարքվում` խարդախության համար դատապարտված, կամազուրկ, բռնությունների ենթարկված Բաբկեն Բուդաղյանի իրարամերժ, հակասական ցուցմունքների հիման վրա: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Սահակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Ըստ փաստաբանի` Սահակ Հարությունյանը շուրջ 19 տարի աշխատանքային ստաժ ունի, արդարադատության փոխգնդապետ է, 2 անգամ անբասիր ծառայության համար պարգևատրվել է կրծքանշանով:

Բանն այն է, որ 2013 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի աշխատակից Ալեքսանդր Խաչատրյանն իր աշխատասենյակում Բաբկեն Բուդաղյանից 400.000 դրամ գումարը վերցնելու պահին բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ձերբակալվել: Նույն օրը ՀՔԾ կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 311 հոդ-ի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Նշենք, որ քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել 900.000 դրամ տուգանքի դատապարտված Բաբկեն Բուդաղյանի հաղորդումը այն մասին, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի աշխատակից Ալեքսանդր Խաչատրյանը համաներում կիրառելու համար իրենից գումար է պահանջել: Ինեսսա Պետոսյանի խոսքով` Սահակ Հարությունյանի մասին վերը նշված հաղորդման մեջ հիշատակում չկա:

Սահակ Հարությունյանը մինչ այդ` 3 օր առաջ, մեկնած է եղել Շիրակի մարզի Լանջիկ գյուղ հորեղբոր հոգեհանգստին և հուղարկավորությանը մասնակցելու համար վերադարձել է միայն ավելի ուշ:

Նույն օրը Սահակ Հարությունյանը բերման է ենթարկվել ՀՔԾ և ձերբակալվել: 

2013 թվականի հոկտեմբերի 16-ին Սահակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. Օր-ի 311 հոդ-ի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով այն բանի համար որ, նա «աշխատելով որպես ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, տուգանքի դատապարտված Բաբկեն Բուդաղյանից նրա օգտին ՀՀ քրեակատարողական օր-ով, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2006 թ-ի հոկտեմբերի 26-ի թիվ 1561-Ն որոշմամբ հաստատված, «ՀՀ ԱՆ ՔՎ աըլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգ»-ով և «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013 թ-ի հոկտեմբերի 3-ի որոշմամբ սահմանված իրենց լիազորութունների շրջանակում Բ. Բուդաղյանի օգտին գործողություն կատարելու` հայտարարված համաներումը վերջինիս նկատմամբ կիրառելու և սահմանված կարգով պատժի կրումից ազատելու օրինական գործընթացքը սկսելու համար, շորթմամբ 2013թ-ի հոկտեմբերի 4-ին նրանից պահանջել և 2013թ-ի հոկտեմբերի 14-ին նշված բաժանմունքի` Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի 15-րդ հասցեում գտնվող իրենց նստավայրում ստացել են խոշոր չափերի` 400.000 ՀՀ դրամ կաշառք»:

Ինեսսա Պետրոսյանի խոսքով` այս քրեական գործով Սահակ Հարությունյանի մասով միակ «ապացույցը» խարդախութայն համար դատապարտված Բաբկեն Բուդաղյանի ցուցմունքն է:

2014թ-ի հունվարի 13-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Սահակ Հարությունյանի և Ալեքսանդր Խաչատրյանի` ՀՀ քր. Օր-ի 311 հոդ-ի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատախազին: Դատախազը, սակայն  չի հաստատել մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է լրացուցիչ նախաքննության` ցուցում տալով առերեսումներ կատարել գործով տուժող Բ. Բուդաղյանի և մեղադրյալների միջև և հարցում կատարել ՀՀ ԱՆ ՔԿ վարչությանը` Բ. Բուդաղյանի նկատմամբ համաներման որոշումը կիրառելու վերաբերյալ:

2014 թվականի հունվարի 30-ին առերեսման ժամանակ Բ. Բուդաղյանը հրաժարվել է իր նախկին ցուցմունքներից և ցուցմունք է տվել, որ Սահակ Հարությունյանը իրենից գումար չի պահանջել համաներում կիրառելու համար:

«Սակայն, այդ առերեսումից հետո քննիչ Ա. Մինասյանն անցավ գործի և իր գրավոր ցուցումով գործի դրեց նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը` Բաբկեն Բուդաղյանի հետ աշխատանքներ տանելու համար և պարզելու, թե նա ինչու է նման ցուցմունքներ տվել: Բնականաբար, շատ կարճ ժամանակ անց` փետրվարի 6-ին, Բուդաղյանը դեմքի կապտուկներով և այլ մարմնական վնասվածքներով արդեն ուղղորդված ցուցմունքներ տվեց Սահակ Հարությունյանի դեմ, որից հետո նաև քննիչ Ա. Մինասյանն իր սկսած գործն առաջ տանելու համար նաև կազմակերպեց երրորդ առերես հարացքննությունը»,- պատմեց պաշտպանը:

Նրա խոսքով, այն որ Բաբկեն Բուդաղյանը կապտած դեմքով և մարմնական բազմաթիվ այլ վնասվածքներով է բերման ենթարկվել ցուցմունքներ տալու համար, փաստ է, քանի որ քննիչը, չկարողանալով թաքցնել այդ հանգամանքը, նրան ուղարկել է փորձագետի մոտ, որտեղ և արձանագրվել են այդ վնասվածքները, սակայն նշումով, թե իբր Բաբկեն Բուդաղյանը ասել է, որ վայր է ընկել քարերի վրա:

«Այնուհետև քննիչ Ա. Մինասյանը շարունակելով իր գործունեությունը անցել է Սահակի ընկերներին և նույնիսկ նոր քրեական գործ հարուցել: Եվ այդ ամենը կատարվում է խարդախության համար դատապարտված` մինչ օրս տուգանքի գումարը և քաղ. Հայցրեը չվճարած Բաբկեն Բուդաղյանին ուղղորդելու, սպառնալու և նույնիսկ խոշտանգելու արդյունքում: Բաբկեն Բուդաղյանը դարձել է վարույթն իրականցնող մարմնի հաղթաթուղթը:

Հատկանշական է, որ սույն քրեական գործով իմ պաշտպանյալ Սահակ Հարությունյանին մեղսագրված արարքի հիմքում որևէ ապացույց ուղղակի չկա»,-պնդեց Ինեսսա Պետրոսյանը:

Գործով մեղադրյալ Ալեքսանդր Խաչատրյանը մանրամասն ցուցմունքներ է տվել և նշել, որ Սահակ Հարությունը իր և Բաբկեն Բուդաղյանի խոսակցությունից ընդհանրապես տեղյակ չի  եղել: Սահակ Հարությունյանը նույնպես մանրամասն ցուցմունքներ է տվել, որ որևէ տեղեկություն չի ունեցել այդ մասին:

Պաշտպանը նշեց, որ գործի ուսումնասիրությունից պարզվում է, որ այսօրվա դրությամբ էլ Բաբկեն Բուդաղյանի նկատմամբ համաներում չի կիրառվել, քանի որ նա քաղհայցի չվճարված գումար ունի, այսինքն` սահմանափակում կա նրա նկատմամբ համաներում կիրառելու համար: Նույնիսկ, գործում առկա է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ուղարկված ծանուցագրերի օրինակները, որով Բաբկեն Բուդաղյանը կանչվում է դատարան` իր նկատմամբ նշանակված 900.000 ՀՀ դրամ տուգանքը հանրային աշխատանքներ պատժատեսակով  փոխարինելու համար:

Այսինքն,   բացառվում է այն հանգամանքը, որ Սահակ Հարությունյանը կարող էր Բաբկեն Բուդաղյանի նկատմամբ համաներում կիրառել, քանի որ համաներման կիրառման համար մինչ օրս էլ առկա են սահմանափակումներ և փաստացի համաներումը Բաբկեն Բուդաղյանի նկատմամբ չի կիրառվել, այլ հակառակը` դատարանում քննվում է գործ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու համար:

 

 Նունե Հովսեփյան

Լուսանկարը` azatutyun.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել