2013 թ.-ի ընթացքում տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած դատական գործերից ավարտվել են 5-ը: Այդ գործերն են.
- ԻԱԿ-ն ընդդեմ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի
- ԻԱԿ-ն ընդդեմ «Համալսարանականներ» համատիրության
- ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի
- ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության
- ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ՖՆ Լիցենզավորման գործակալության և ՀՀ ՖՆ Ֆինանսական վերահսկողության տեսչության
- ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փոխանցմամբ` ԻԱԿ-ն ընդդեմ «Համալսարանականներ» համատիրության և ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ՖՆ Լիցենզավորման գործակալության և ՀՀ ՖՆ Ֆինանսական վերահսկողության տեսչության գործերով ԻԱԿ-ը հաշտություն է կնքել պատասխանող կողմերի հետ` հաշվի առնելով, որ մինչև դատաքննության ավարտը տեղեկություն տնօրինողները տրամադրել էին ԻԱԿ-ի հարցումներով խնդրված տեղեկություններ:
Մնացած 4 գործերը ավարտվեցին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հաղթանակով, ընդ որում` ունեցան նախադեպային նշանակություն:
Այսպես` ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության և ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի դատական գործերով դատարանը ոչ միայն ճանաչեց ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը, այլ նաև պարտավորեցրեց պատասխանողներին փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած դատական ծախսերը` կուսակցության դեպքում 100.000 ՀՀ դրամի, իսկ ԱԺ-ի դեպքում` 50.000 ՀՀ դրամի չափով:
Առավել կարևոր նախադեպային նխանակություն ունեցան ԻԱԿ-ն ընդդեմ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և ԻԱԿ-ն ընդդեմ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի դատական գործերը: Այս գործերով դատարանը ի թիվս այլ պահանջների, բավարարեց նաև ԻԱԿ-ի պահանջը` պատասխանողներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ՏԱ իրավունքը խախտելու համար: 2013 թ.-ին կայացված դատական ակտերով «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը տեղեկություն չտրամադրելու համար ենթարկվեց վարչական պատասխանատվության` տուգանքի` 80.000 ՀՀ դրամի չափով (30.000 ՀՀ դրամ ԻԱԿ-ի առաջին հարցմամբ և 50.000 ՀՀ դրամ ԻԱԿ-ի կրկնակի հարցմամբ խնդրվող տեղեկությունները չտրամադրելու համար), իսկ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Հարությունյանը ենթարկվեց տուգանքի 50.000 ՀՀ դրամի չափով՝ տեղեկատվության ազատության իրավունքը ոտնահարելու համար։ Հիշեցնենք, որ նախկինում ՏԱ իրավունքը խախտելու համար միայն մի դեպքում է պաշտոնյան ենթարկվել վարչական պատասխանատվության` 2009 թ.-ին, երբ ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետարանի դատական գործով Ելփինի գյուղապետը ենթարկվեց տուգանքի` 50.000 ՀՀ դրամի չափով:
Նշված գործերի մասին տեղեկություններ, ինչպես նաև դատական ակտերը հասանելի են ԻԱԿ-ի www.foi.am կայքում` «Դատական գործեր» բաժնում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2013 թ.-ի հարցումների վիճակագրությանն ու դատական պրակտիկային ծանոթացեք այստեղ: