Ովքե՞ր կարող են նշանակվել մաքսային ծառայողի պաշտոնում

Մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի միայն բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող և վերադաս մաքսային մարմնի հաստատած համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

Մաքսային ծառայության պաշտոնի նկարագիրը տվյալ պաշտոնը զբաղեցնող մաքսային ծառայողի համար օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքները և պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մաքսային ծառայողին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև մաքսային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող` վերադաս մաքսային մարմնի հաստատած փաստաթուղթն է:

Մաքսային ծառայությունն իրականացվում է մաքսային ծառայության անցնելու մասին կնքված պայմանագրին համապատասխան, բացառությամբ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի:

Մաքսային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են մրցույթով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մաքսային մարմինների կողմից իրականացվող՝ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված այն պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի՝ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել