Համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկության քննարկման կարգը

Հանրապետության Նախագահը համաներում հայտարարելու մասին իր առաջարկությունն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին։

Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, այն ուղարկում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողով, Կառավարություն և ընդգրկում Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հանրապետության Նախագահի և վարչապետի լիազորած անձինք:

Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն Ազգային ժողովի նիստում քննարկվում է արտահերթ` օրենքով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ:
Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է հանել կամ փոփոխության ենթարկել համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունները և առաջարկել՝
ա) ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը.
բ) որոշման նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչև հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:

Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի՝ մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը:

Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել