Բերման ենթարկվածներին ազատ են արձակել

Այսօր` մարտի 7-ին, Ֆինանսների նախարարության վարչական շենքի մոտ «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները երեք անձի` Հակոբ Արշակյանին, Էդուարդ Մինասյանին և Դավիթ Աղաբեկյանին բերման են ենթարկել:

ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ նրանց նկատմամբ նշանակվել է տուգանք  ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար («Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդված) և արդեն ազատ են արձակվել: Տեղեկացնենք, որ այդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը 50.000 դրամ է:

Նշենք, որ «Դ!եմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Ֆիննախի շենքի մոտ` այդ կերպ իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու այդ կառույցի «ապօրինի գործողությունների» կապակցությամբ:

«Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ:

Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:

Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէ սահմանազանցում»,- ասված էր նրանց ավելի վաղ տարածած հայտարարության մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել