Ճիշտ չէ, որ գլխավոր դատախազը ներկայացնի նախորդ գլխավոր դատախազի տարեկան հաշվետվությունը. Գագիկ Ջհանգիրյան

Հայաստանի գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովին դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվություն ներկայացնելու հարցն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նախագծի համահեղինակ Հովհաննես Սահակյանն առաջարկեց առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը ընդգրկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2014 թվականի մարտի 10- 13-ի չորսօրյա նիստերի օրակարգում:

«Նախագծի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ. մինչև մեկ ժամ տևողությամբ հանդես է գալու Հայաստանի գլխավոր դատախազը, հարակից զեկուցումներ չեն լինելու, հաղորդման քննարկումն ավարտվելու է գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու և մեկ կետ դուրս է եկել` հաշվետվությունը չի տպագրվելու»,- ասաց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Ըստ նախագծի` Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում հաշվետվությունն ուղարկում է մշտական հանձնաժողովներ և մեկամսյա ժամկետում ընդգրկում է Ազգային ժողովի  չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Նախատեսվում է նաև, որ ԱԺ խմբակցությունները հնարավորություն կունենան իրենց տեսակետը հայտնել հաշվետվության վերաբերյալ:

Հանձնաժողովի որոշ անդամներ մտահոգություն հայտնեցին, որ հնարավոր է մինչև ապրիլի 1-ը չհասցնեն ընդունել օրենքի նախագիծը:

«Առաջարկում եմ անպայման անցումային դրույթներ դնել, որ անպայման առաջին զեկույցը լինելու է սույնն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, ենթադրենք` 15 օրյա ժամկետում կամ մեկամսյա ժամկետում։ Հակառակ պարագայում զեկույց չի կարող լինել այս տարի»,- ասաց Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ճիշտ չի լինի դեկտեմբեր ամսին գլխավոր դատախազ նշանակած անձը գա և ներկայացնի նախորդ գլխավոր դատախազի տարեկան հաշվետվությունը:

Դավիթ Հարությունյանը միջամտեց` հայտնելով, որ նա գլխավոր դատախազի հաշվետվություն չի ներկայացնում, այլ դատախազության աշխատանքի:

«Ճիշտ է, բայց քանի որ համակարգում շատ փոփոխություններ են եղել, ճիշտ կլինի մյուս տարվանից լինի հաշվետվության ներկայացումը»,- պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել