Ճանապարհային ոստիկանը խախտումը չարձանագրելու համար կաշառք է ստացել. հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննչական վարչությունում` ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` քաղաքացիներ Վ. Գ.-ի և Գ. Մ.-ի կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ ոստիկանության ՃՈ աշխատակիցներ Վ. Ա.-ից և Ն. Ս.-ից զգալի չափի գումար պահանջելու միջոցով շորթում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ մայրուղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողը կանգնեցրել է քաղաքացի Վ. Գ.-ի վարած ավտոմեքենան և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստը չարձանագրելու համար ստացել է կաշառք, որի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 28-ին Վ. Գ.-ին և Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ  նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել