Վարչական դատավարության կողմերից առնվազն մեկը պետք է լինի վարչական մարմին: Այս պարագայում, արդյո՞ք հնարավոր է դատարանի կողմից վեճը քննելիս համաձայնություն ձեռք բերվի կողմերի միջև: ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ մինչև դատաքննության ավարտը դատավարության մասնակիցները դատավարության յուրաքանչյուր փուլում կարող են կնքել հաշտության համաձայնություն, որը ձևակերպվում է գրավոր և ներկայացվում դատարանի հաստատմանը:
Այդ դեպքում դատարանը կայացնում է վճիռ՝ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) հաշտության համաձայնությունն առերևույթ հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերի.
2) հաշտության համաձայնությունն առերևույթ խախտում է որևէ մեկի իրավունքները և ազատությունները.
3) քննվում է նորմատիվ իրավական ակտի իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործ։
Դատարանը նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատավարության մասնակիցներին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
Կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում վարչական դատարանը վճիռ է կայացնում գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, որը բովանդակում է հաշտության համաձայնության բառացի շարադրանքը: